«WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքների ամփոփումը՝ Loft-ում
Մարտի 11-ին LOFT-ում ամփոփվեցին «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները:
Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WEB ԾԻՐԱՆ»-ի գլխավոր գործընկերն է:
«Հինգ տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգեւորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, եւ կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ԾԻՐԱՆ»-ից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակը կիսել են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» և Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերի համար: Գլխավոր մրցանակակիրները կպարգևատրվեն 200 000-ական դրամով:
Սահմանված էր նաև խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Արփի Բալյանի «Արվեստանոց էի ուզում» ֆիլմը: «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Արման Այվազյանին «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել էր 3018 օգտատեր:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
