ԶՐՈւՑԵՑԻՆՔ ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբերի 19-ին LOFT-ում տեղի ունեցավ հանդիպում սիրված դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015) Միքայել Պողոսյանի հետ:

Հանդիպումը սպասված էր, քանի որ Միքայել Պողոսյանը երկար ժամանակ է, ինչ չէր զրուցել իր արվեստը գնահատող հանդիսատեսի և լրագրողների մեծ բանակի հետ: Երեկոյի ընթացքում վերջինս անդրադարձավ ինչպես իր ստեղծագործական ուղղու, այնպես էլ քաղաքական որոշ հարցերի:

Հանդիպումը շատ մարդաշատ էր: Ներկաները հնարավորություն ունեցան հղել իրենց հարցերը սիրված արտիստին՝ հետաքրքրվելով նոր ծրագրերից և հեռանկարներից:

Ձեզ ենք ներկայացնում մամուլում տեղ գտած որոշ հարցեր, որոնք հնչել են հանդիպման ընթացքում.

-Պարոն Պողոսյան, ի՞նչն եք Դուք արվեստ համարում, ի՞նչ է արվեստը Ձեզ համար:

-Կրճատ ասեմ. սիրո բացատրություն:

-Մեծերից հաճախ կարելի է լսել, որ երիտասարդությունն այսօր անպիտան է, տաղանդավորներ չկան, բայց ես ու իմ շատ ընկերները մեր շրջապատում բազմաթիվ տաղանդավոր մարդկանց ենք տեսնում: Շատ հաճախ մեկնաբանվում է նաև, որ լավի, արժեքավորի պրոպագանդան ճիշտ չի արվում: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ, չկա՞ն արդյոք տաղանդավորներ:

-Անկեղծ լինեմ. ձեզանից այնքա՜ն բան ունեմ սովորելու: Հատկապես վերջին իրադարձությունները քաղաքական դաշտում, ձեր ակտիվությունը ինձ դա հուշեցին: Այսօրվա երիտասրդը պետք է ըմբոստ լինի: Նա չպետք է հանդուրժի այն, ինչ կա: Իսկ այն, ինչ կա, մեր բարոյական անկումն է: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ սա մեր հայրենիքն է, և մեր ապագան կապում ենք այս հող ու ջրի հետ: Եթե դուք հիմա չփորձեք շտկել այն իրավիճակը, որ այսօր է տիրում, վաղը ձեր երեխաներն էլ են թողնելու գնան: Ես պարզապես չեմ ուզում խոսել այն մարդկանց մասին, ովքեր այդ ամենը չեն գիտակցում... Միաբանվելու խնդիրն այսօր շատ կարևոր է: Ես հավատում եմ այսօրվա երիտասարդությանը և կոչ եմ անում ըմբոստանալ:

-Նոր ֆիլմի գաղափար կա՞ արդեն, առաջիկայում ի՞նչ սպասենք Ձեզանից:

-Բա ո՞նց չկա: Հենց հիմա ես աշխատում եմ մի սցենարի վրա՝ դերասանի մասին: Երկար ժամանակ ուզում էի անդրադառնալ դերասան հասկացությանը տարբեր մոտեցումներով, և վերջիվերջո կարծես ձևավորվում է նյութը: Միշտ մտածում էի՝ ինչո՞վ կարող է դերասանն այս իրականությունը փոխել: Եվ մտածեցի, որ կարելի է հավաքվել մտավորականներով ու ստեղծել այսօրվա հայ հերոսին, որին կընդունեն բոլորը: Համենայն դեպս մի օրինակ, որին կուզենայինք տեսնել թե՛ իշխանության գլխին, թե՛ ինչ-որ ոլորտներում՝ որպես բժիշկ, որպես դերասան, որպես քարտաշ և այլն: Այսօր մենք կարիք ունենք ինչ-որ հերոսի: Այսօրվա մեր հերոսը պետք է լինի այն հայը, որը ժառանգել է ամբողջ մեր անցյալն իր գենի մեջ, որովհետև ես կարծում եմ՝ մեզ տրված են շատ-շատ բաներ, որոնց մասին մենք չենք գիտակցում և օգտագործում ենք ամենափոքր կտորը միայն: Դա է պատճառը, որ մենք այսօր ունենք հայի ծայրահեղ տարբեր տեսակներ՝ թե՛ լավ, թե՛ վատ: Ֆիլմը, որ ես հիմա նախաձեռնում եմ, այն դերասանի մասին է, որն իր դերերի ետևում թաքնվել է իրականությունից, նա չի ուզում տեսնել այս իրականությունը: Նա նույնիսկ չի ուզում ներկայացումից հետո վերադառնալ իրականություն: Մի խոսքով՝ ֆիլմն այն մասին է, որ արվեսը պետք է ծառայի մարդկանց...

Շնորհակալություն մասնակցության համար:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել